National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.05.2016
Խորհրդարանական լսումներում քննարկվել են ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման հիմնախնդիրները
1 / 4

Մայիսի 20-ին խորհրդարանական լսումներ էր հրավիրել ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը՝ քննարկելու «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման օրենսդրական եւ իրավակիրառ հիմնախնդիրները» թեման: Լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, պետական գերատեսչությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ ոլորտի պատասխանատուներ:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ողջույնի խոսքում նշել է, որ լսումների նպատակն է անդրադառնալ ճանապարհային երթեւեկության անվտանգության ոլորտի օրենսդրական քաղաքականությանը եւ դրա հիման վրա ձեւավորված կիրառական պրակտիկային, քննարկման առարկա դարձնել ճանապարհային երթեւեկության անվտանգության ոլորտի տարբեր ուղղություններով առանձին հիմնախնդիրներ: Պարոն Նահապետյանը տեղեկացրել է, որ մինչ խորհրդարանական լսումների կազմակերպումը, հանձնաժողովն աշխատանքային այցով եղել է ճանապարհային ոստիկանությունում եւ ՃՈ ղեկավար անձնակազմի հետ քննարկել ոլորտի հիմնախնդիրները:

Պարոն Նահապետյանի համոզմամբ՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովումը կենսական նշանակություն ունի մարդու կյանքի եւ առողջության պահպանման ու ճանապարհային երթեւեկության մասնակիցների պատշաճ վարքագծի ձեւավորման առումով: Հանձնաժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, եւ մատնանշել է մի շարք կարեւոր ուղղություններ, որոնք կարող են առաջնային լինել ոլորտում հետագա բարեփոխումների իրականացման համար: Նրա գնահատմամբ՝ անհրաժեշտ է քննարկել եւ ընդունել ճանապարհային երթեւեկության անվտանգության ոլորտի նոր ազգային ռազմավարություն եւ դրանից բխող կոնկրետ գործողությունների ծրագիր: Պարոն Նահապետյանը կարեւորել է նաեւ ճանապարհային երթեւեկության ոլորտը կանոնակարգող մեկ միասնական իրավական ակտի՝ Ճանապարհային օրենսգրքի ընդունումը: Նա խոսել է ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման եւ երթեւեկության մասնակիցների մոտ կարգապահ վարքագծի ձեւավորմանն ուղղված կոնկրետ ծրագրերի իրականացման մասին:

Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ թեեւ ոլորտում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվում, սակայն դեռեւս կան չլուծված բազմաթիվ խնդիրներ, որոնք եւ քննարկման առարկա կդառնան լսումների ընթացքում:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը կարեւորել է լսումների նախաձեռնումը ոլորտի խնդիրները վեր հանելու տեսանկյունից: Նա տեղեկացրել է, որ նախարարությունում լրամշակվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծ, որն առաջիկայում կդրվի հանրային քննարկման: Փոխնախարարը ներկայացրել է օրենսգրքի նախագծով նախատեսվող նոր մոտեցումները: Պարոն Մկրտչյանն անդրադարձել է նախորդ տարվա դեկտեմբերին օրենսգրքում կատարված փոփոխություններին, որոնք մասնավորապես վերաբերում էին նվազ հանրային նշանակություն ունեցող վարչական իրավախախտումների դեպքում նախազգուշացում կիրառելուն եւ վարորդ-իրավախախտի կողմից որոշակի իրավախախտումներ տեղում վերացնելու դեպքում վարչական տույժ չկիրառելուն: Նախարարի տեղակալը նշել է, որ վերոնշյալ երկու սկզբունքները պահպանվել են նոր օրենսգրքի նախագծում: Նախատեսվում է նաեւ վարչական տույժին զուգահեռ միավորներ ամրագրելու սկզբունքը: Նշվել է, որ հաջորդ նորամուծությունը վերաբերում է տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի միջոցով կայացրած ակտերի ուժի մեջ մտնելուն:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արամ Արսենյանն անդրադարձել է քննարկվող հարցի շրջանակում իրենց նախարարության գործառույթներին եւ իրականացվող աշխատանքներին: Նա տեղեկացրել է, որ իրենց նախարարությանն օրենքով վերապահված է երեք գործառույթ՝ տեխզննման անցկացում, ճանապարհների եւ դրանց ինժեներական կառույցների վերակառուցմանն ու վերանորոգմանը, պահպանմանը վերաբերող հարցերը եւ վտանգավոր բեռների ու չվնասազերծված տարաների փոխադրման կանոնները: Նա ներկայացրել է ճանապարհների անվտանգության ոլորտում կատարվող աշխատանքները:

Պարոն Արսենյանը մասնավորապես անդրադարձել է տեխզննության իրականացմանը՝ նշելով, որ այն մեր երկրում ինքնանպատակ չէ. Հայաստանը Վիեննայի կոնվենցիայի անդամ է, որով պահանջվում է ազգային օրենսդրության մեջ իբրեւ պարտադիր պայման ունենալ տեխզննման պարբերական անցկացումը:

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Արմեն Հակոբյանը ներկայացրել է ճանապարհային երթեւեւկության անվտանգության ապահովման ոլորտում գործառույթները, կատարված եւ իրականացվելիք քայլերը, տեխնիկական վերազինման ծրագրերը: Նշվել է, որ առկա է օրենսդրական բաց՝ հոգեկան հիվանդներին, թմրամոլներին, հաշվառված անձանց վարորդական իրավունքի վկայականի տրման, հետագայում դրանց փոփոխման հետ կապված: Պարոն Հակոբյանը տեղեկացրել է, որ ներկա պահին խնդիրը կանոնակարգելու նպատակով կառավարությունում քննարկվում է որոշման նախագիծ:

Արմեն Հակոբյանի գնահատմամբ՝ տուգանքների ավելացումն ինքնանպատակ չէ, այն կանխարգելիչ նշանակություն ունի: Այս տարվա չորս ամիսների ընթացքում խստացման արդյունքում նախորդ տարիների համեմատ նվազման միտում է դիտվել ոչ սթափ վիճակում վարելու եւ առանց համարանիշի կամ փոխարինված ու կեղծված համարանիշերով երթեւեկելու դեպքերում: Նա անդրադարձել է վերջին օրենսդրական փոփոխություններից հետո ոլորտում արձանագրված վիճակագրությանը, տեսանկարահանող եւ արագաչափ սարքերի տեղադրումից հետո ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությանը եւ ոլորտային այլ հարցերի:

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը եւ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արտակ Խաչատրյանը խոսել են օրենսդրական բացթողումների, ոստիկանության տեխնիկական վերազինման, լուսացույցների ոչ ճիշտ տեղադրման, երթեւեկության կանոնների հստակեցման, ճիշտ գծանշումների իրականացման եւ այլ հարցերի մասին:

Հարցուպատասխանի ձեւաչափում եւ ելույթների ընթացքում պատգամավորներն ու ոլորտի պատասխանատուներն անդրադարձել են վերջին փոփոխություններով որոշ խախտումների դեպքում նախազգուշացումը՝ որպես պատասխանատվության միջոց կիրառելու դրույթին, ճանապարհային նոր նշանների տեղադրմանը, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությանը, վարորդական իրավունքի վկայականի տրամադրմանը, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներին եւ դրա համար պատասխանատվությանը, վարչական վարույթի իրականացմանը եւ նշանակված տուգանքների բռնագանձման հետ կապված ուղղություններին, հասարակական տրանսպորտի կանգառներին վերաբերող եւ այլ խնդիրների: Մտահոգիչ բոլոր հարցերի վերաբերյալ հիմնական զեկուցողները ներկայացրել են պարզաբանումներ:

Ամփոփելով լսումների արդյունքները՝ Կորյուն Նահապետյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ շահագրգիռ քննարկումների եւ առաջարկների համար: Նա ընդգծել է, որ ՃՈ հիմնական նպատակը ճանապարհային երթեւեկության ոլորտում ազգաբնակչության անվտանգության ապահովումն է  եւ հավելել, որ լսումների ընթացքում հնչած բոլոր հարցադրումները քննարկվելու են հանձնաժողովում եւ առաջարկվելու են համապատասխան լուծումներ: Պարոն Նահապետյանը վստահեցրել է, որ հանձնաժողովը պատրաստ է քննարկել բոլոր այն հարցադրումները, որոնք վերաբերում են ոլորտի օրենսդրության կատարելագործմանը, վարչարարության բարելավմանը եւ համակարգային ու կառուցվածքային նոր լուծումների իրականացմանը:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...

16.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում: Մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, 414 սրահում կհրավիրվի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am